Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Արբիտրաժ Խաղ-Մրցույթ

08/04/2013


Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Մեդիացիոն Կլինիկան, որը ստեղծված է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավական ռեսուրսների կենտրոնի (ՀԱՀ ԻՌԿ) և ԷյԴիԱր Փարթներս մեդիացիոն ընկերության համագործակցության արդյունքում, սույն թվականի մայիսի 11-12 առաջին անգամ հանրապետական մասշտաբով իրականացնելու է առևտրային արբիտրաժին նվիրված խաղ-մրցույթ ՀՀ համալսարանների իրավաբանական ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ։


Միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից, ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում, զարգացնելու հռետորական հմտությունները և ստանալու տվյալ բնագավառում հմուտ մասնագետների, այդ թվում` ԷյԴիԱր Փարթներս ընկերության միջազգային արբիտր և մեդիատր Աիդա Ավանեսյանի մասնագիտական ուղղորդումները։


Արբիտրաժ խաղ-մրցույթի մասնակից կարող են լինել Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները, այդ թվում` մագիստրատուրայի և ասպիրանտուրայի: Յուրաքանչյուր թիմ, որը ցանկանում է մասնակցել Արբիտրաժ խաղ-մրցույթին, պետք է Կազմակերպիչների կողմից սահմանված ժամկետներում ներկայացնի մասնակցության հայտ, որը կարող եք գտնել ԷյԴիԱր Փարթներս ընկերության վեբ կայքում` Նյութեր բաժնում:

Արբիտրաժ խաղ-մրցույթին գրանցվելը և մասնակցությունն անվճար է: 


Ընդառաջելով մասնակիցներին և հաշվի առնելով, որ շատ մարզային համալսարաններ ուշացումով են ստացել մեր պաշտոնական հրավերը` Հայաստանի ամերիկյան համալսարանի Մեդիացիոն Կլինիկան որոշում է կայացրել երկարաձգել մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 18-ից մինչև ապրիլի 23-ը: Բոլոր այլ ժամկետները կմնան անփոփոխ: Հիշեցնում ենք, որ ապրիլի 23-ը միայն հայտերի ընդունման վերջնաժամկետն է, իսկ աշխատանքները պետք է ներկայացվեն մինչև մայիսի 2-ը:


Ակնկալում ենք բոլոր համալսարանների ակտիվ մասնակցությունը: